Շատ լավ եմ հիշում, թե ժամանակին բողոքի ինչ մեծ ալիք էր բարձրացել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ աշխատանքային ժամերին «Ֆեյսբուք» սոցցանցում գրառումներ կատարելու փաստը: Աշոտյանը, որի խնդիրն աշխատելն էր, տրվել էր խաղ ու պարի, և մեղադրանքներն էլ ճշմարտության որոշակի չափաբաժին ունեին:
Ցավոք, նույն վարքագիծն այսօր դրսևորում են նոր կառավարության բազմաթիվ անդամներ: Աշխատելու փոխարեն մարդիկ գրառումներ են կատարում իրենց ֆեյսբուքյան էջերում, այն դեպքում, երբ 9:00-18:00-ը նրանք պարտավոր են աշխատել, քանի որ դրա դիմաց աշխատավարձ են ստանում, որը գոյանում է հպարտ քաղաքացու «նվաստ» աշխատավարձից արված պահումներից ու հարկերից: Նորելուկ պաշտոնյաներն էլ, քննադատությունից դասեր քաղելու փոխարեն, ուղղակի հորդորում են` թողեք աշխատենք:
Դժվար է այս երևույթին այլ անուն տալ, քան պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահում, պետական միջոցների անիմաստ մսխման վիրտուալ դրսևորում է: Վատն այն է, որ սրա մասին վերջին շրջանում ընդհանրապես ոչ ոք չի խոսում, ո՛չ Մեղրիի անցակետի աղբամանների անբարվոք վիճակի մասին համայն մաքսային ծառայությանը նկատողություն անող Նիկոլ Փաշինյանը, ո՛չ «նոր Հայաստանի» ենթադրյալ կոռուպցիոներների ահուսարսափ Դավիթ Սանասարյանը, ոչ «համակրելի» Ալեն Սիմոնյանը, ոչ էլ մյուսները, չնայած չեն կարող խոսել, քանի որ պետք է սկսեն հենց իրենցից: Փոխարենը երգում են վերակառուցման մասին նոր երգեր, բայց էլի դաշնամուրի առաջ հին նոտաներով են նստում: Հետո էլ ներողություն են խնդրում, թե՝ ներեք մեզ, չգիտեինք, որ այդպես կլիներ: Կամ էլ հայտարարում են, թե ֆեյսբուքն օգտագործում են որպես պաշտոնական հայտարարությունների տարածման արագ միջոց: Այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ ինչի՞ համար են մամլո ծառայությունները, աշխատավարձ ստանալու և չաշխատելու՞, և ամենակարևորը, այս պարագայում հաստա՞տ արդարացված է այդ ծառայության գոյությունը: Սա ուղղակի եմ հարցնում, հարցնել կարելի է, չէ՞, ասենք, Արայիկ Հարությունյանն ամռան արձակուրդներին Գիտությունների ազգային ակադեմիային գրավոր հարցում էր արել` իրենց գործունեությունը որքանո՞վ է արդարացված (հարցնող լինի` Ձեր` ԿԳ նախարար լինելը որքանո՞վ է արդարացված):
Լավ, անդրադառնանք բուն ասելիքին և օրինակներ բերենք, քանի որ վարչապետի պաշտոնակատարը հորդորել է` այսուհետ առանց ապացույցների չխոսել:
Մինչ Ֆեյսբուքում տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատարը ծաղրում է Տերունական աղոթքը, և ժամանակ ծախսում դրա համար ներողություն խնդրելու վրա, ձմեռը մոտենում է, իսկ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը մնում է նույն «պերճանքի» ու «թշվառության» մեջ: Սրա մասին հաստատ արժե մտածել, որովհետև Աստված կների, ժողովուրդը` ոչ:
Մինչ Արարատ Միրզոյանը Չե Գևարայի պատկերի պատրանքն ստեղծող իր լուսանկարներն է տարածում ֆեյսբուքում և հիշում «հեղափոխության բարի օրերը», մի շարք հարցեր մնում են օդում կախված, ընդ որում, շատ ավելի կարևոր, քան մարիխուանայի օգտագործման օրինականացումը:
Մինչ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում ամպաստեղծ «սև ու սպիտակի» լուսանկար է տարածում, կրթությունը հավասարվում է իր վարած քարոզարշավի արժանապատվության մակարդակին. ունայնություն:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, դաժան բան եմ ասելու, անգամ գրավոր ու բանավոր խոսքն իրարից չի տարբերում: Նա վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին բանավոր զգուշացում էր արել` ֆեյսբուքյան գրառմամբ: Հարց` սա նո՞ր մշակույթ է, այսուհետ բանավոր զգուշացումներն ու շնորհավորանքները, ցավակցություններն ու սուլոցները գրավո՞ր են լինելու: Եվ ո՞ր պլատոնյան գլխի երկունքի արդյունքն է սա:
Ցավալի է, որ վիճակը նույնն է գրեթե բոլորի մոտ, կարծես Հայաստանը դարձել է ֆեյսբուքյան հանրապետություն, ու մենք դեռ տեղյակ չենք դրա մասին:
Նախընտրական քարոզարշավից առաջ հարկավոր է նաև սրա մասին մտածել, ավելին, սա ավելի կարևոր է, քան երթը: Կառավարության անդամները պետք է հասկանան, որ իրենք ամեն օր գնում են աշխատանքի, ոչ թե ժամանցի, պետք է հասկանան, որ ժողովուրդը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, կառավարության գործատուն է, շեֆը, և պետք է լավ գիտակցեն, որ շեֆը կարող է բարկանալ ու... մերժել:
Կհասկանա՞ն որ....
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ